Երեւանում մայիսի 13-ին գիշերը տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակի 1 պահունակ՝ 4 փամփուշտներով, մեկ գնդակ, երկու պարկուճ, մեկ ծալովի դանակ, մեկ կպչուն ժապավեն, երկու հատ սեւ դիմակ, մեկ հատ պտուտակահան: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ տան հյուրասենյակում հայտնաբերվել է նաեւ մեկ հատ առանց գործարանային համարի ատրճանակ, խլացուցիչ: Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է նաեւ Լ.Ավետիսյանի տուն մուտք գործած անձանցից մեկի՝ Հ.Ֆալանջյանի դիակը, որի մոտ հայտնաբերվել է մեկ հատ կպչուն ժապավեն, մեկ հատ ատրճանակի պահունակ` 6 փամփուշտով։
Դեպքի վայրին հարակից փողոցում հայտնաբերվել է Հ.Ֆալանջյանին պատկանող «Մերսեդս Բենց Ե 220» մակնիշի ավտոմեքենան՝ շարժիչը գործի գցելու համար նախատեսված բանալին անվի վրա դրված:
Ընտանիքի 5 անդամներից 4-ն ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 3-ը հոսպիտալացվել են. Լ.Ավետիսյանը, որը «Բրավո» տաքսի ծառայության տնօրենն է, ստացել է որովայնի շրջանի հրազենային վնասվածք, Դ.Ավետիսյանը` աջ ուսային միջանցիկ հրազենային վերք, Ս.Հարությունյանը` կրծքավանդակի հետին մակերեսի եւ ձախ բազկի շրջանի կտրած, ծակած թափանցող վերքեր, հեմոպնեւմոթորաքս ախտորոշմամբ, վնասվածք ստացած 4-րդ անձին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել:
Բժշկական կենտրոն է տեղափոխվել նաեւ Հ.Ֆալանջյանի հետ Ավետիսյանների տուն զինված մուտք գործած երկրորդ անձը՝ կրծքավանդակի հետին մակերեսի եւ ձախ բազկի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք, հեմոպնեւմոթորաքս ախտորոշմամբ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաբժշկական, համալիր դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական, դատակենսաբանական եւ դատամատնադրոշմային փորձաքննություններ:
Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նշենք, որ Ֆալանջյանը նախկին ոստիկան է, աշխատանքից ազատվել էր 2 շաբաթ առաջ:



























