Կոռուպցիայի դեմ պայքարելու համար այն պետք է անվանականացնել: Այս մասին այսօր` մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` անդրադառնալով տնտեսական փոփոխությունների վերաբերյալ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախօրեին արված հայտարարությանը:
«Համամիտ եմ այն կարծիքի հետ, որ մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ, բայց մենք միշտ էինք կանգնած դրանց առջեւ, ուղղակի դրանք հիմա ավելի երեւացող դարձան, եկավ ժամանակը պատասխանատվություն կրելու: Հայաստանում կոռուպցիան անդեմ է, մինչդեռ դրա դեմ պայքարելու համար այն պետք է անվանականացնել, ինչն ամենահեշտ բան է»,- նշեց Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքով`մենաշնորհների դեմ պայքարելու համար պետք է քննություն տարվի, պետք է լինի անկախ դատական համակարգ, ժողովրդավարական իրական վերահսկողություն, ինչը բացակայում է Հայաստանում: «Ներկա դրությամբ Հայաստանի կոռումպացված կլանն իրար վրա մեղք է բարդում: Մաքիավելին խոսք ունի` նախաձեռնությունը խեղդելու լավագույն ձեւը այն գլխավորելն է: Այնպես են անում, որ կոռուպցիան դեմ պայքարողը գլխավորի այն»,- ասաց Սեդրակյանը:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը նախորդ օրը կառավարության նիստից առաջ հանդես է եկել հայտարարությամբ եւ ներկայացրել տնտեսական փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Նա նշել է, որ առաջին քայլով կառավարությունն անցնելու է բյուջեի խնայողության խիստ ռեժիմի: Վարչապետն ասել է, որ պետական կառավարման համակարգի այն պետք է դառնա ավելի կոմպակտ, կլինեն կրճատումներ: Վարչապետը շեշտել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ պայքարելու են նաեւ մենաշնորհների դեմ, եւ որ դրանք բացահայտելու հարցում կառավարության աշխատանքը բավարար չի եղել:





























