Մի՛ օգտագործեք քառօրյա պատերազմ բառը, 1994-ին կնքած հրադադարից հետո այն միշտ էլ խախտվել է, այդ համաձայնագիրը չի գործում։ Այս մասին «Արարատ» հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը։
Գեներալը նշել է, որ մենք պետք է միշտ զգոն լինենք, ոչ թե միայն, երբ մեր սահմաններին վտանգ է սպառնում։ «Ի՞նչ քառօրյայի մասին է, երբ առ այսօր կրակում են։ Հրադադարը չէր գործում։ Եթե զինվոր է զոհվում, վիրավորվում, ապա ի՞նչ կապ ունի թե ինչ տրամաչափով են կրակել։ Վստահ եմ, որ սա Թուրքիայի ձեռագիրն է, բայց թե ինչու Ադրբեջանը գնաց այդ քայլին, ժամանակը ցույց կտա։ Պատերազմի բնույթն այս տարիներին փոխվել էր, դարձել դիրքային, բայց վերջին օրերին այն նորից հարձակողական էր դարձել»,-նշել է Բալասանյանը:
Նրա խոսքով, հիմա պետք է անցնել հակահարձակման Ադրբեջանի ախորժակը զսպելու համար։ «Մենք պետք է լռեցնենք, այն կրակակետերը, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի համար՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք՝ Բարդայում, Եվլախում, թե Բաքվում։ Եվ լռեցնելու ենք։ Զորքը պատրաստ էր առաջ նետվել, կապիտուլյացիայի ենթարկել Ադրբեջանին։ Թող իշխանությունը միայն հրաման տա։ Այո, մենք խնդիրներ ունեցանք, դա էլ մեր բացերի պատճառով էր, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը հզոր է ու կարող է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել»,- ասել է Բալասանյանը։
Նրա խոսքով՝ մեզ առաջին հերթին պետք է ոչ թե մանկապարտեզներ եւ դպրոցներ կառուցել, այլ պետական սահմաններն ամրացնել։
«Մինչեւ Եվլախ ու Կիրովաբադ թողել փախել են։ Եթե Ղարաբաղում 150 հազար մարդ է ապրում, հարեւան Աղդամի շրջանում 300 հազար մարդ է ապրում, ո՞վ է խանգարում Ալիեւին լուծել ռազմական ճանապարհով, թող լուծի բա։ Եթե Ղարաբաղում թեկուզ մի զինվոր էլ մնա, դա խնդիր է Ադրբեջանի համար։ Սա մեր ժողովրդի փառքն է։ Մեր ժողովուրդն անկոտրում է»,-ընդգծել է գեներալ:
Անդրադառնալով խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելուն, Բալասանյանն ասել է. «Ախր չի կարելի խաղաղ բնակավայր վրա կրակել, դա ձեռագիր չէ։ Կան միջազգային նորմերը. եթե անգամ զինվորականը զենքը գցում է, չես կրակում նրա վրա։ Եթե խաղաղ բնակչությանը հրթիռահրետակոծում ես, անընդունելի է։ Կարող ա՞ մենք չենք կարողանում կրակել։ Ի՞նչ ստացավ Ադրբեջանը։ 12 հազար քառ/կմ տարածքում 150 հազար մարդ է ապրում։ Մենակ Բարդայի շրջանում այդքան մարդ է ապրում։ Մենք էլ չէ կարող ենք հրետանիով կրակել։ Ասենք բոլորին սպանեցինք, հետո՞: Հո վակուում չի անելու թթվածինը խլի, Ղարաբաղում բոլորը մեռնեն։ Լավ 5000 հոգու սպանեց, մենք էլ 300 հազարի սպանենք, հետո՞... Պետք է ճնշել, պետք է լռեցնել կրակակետերը»:





























