«Ամերիաբանկը» 20 մլն դոլարի վարկ է ստացել Գերմանական ներդրումային եւ զարգացման կոռպորացիայից (DEG): Ինչպես մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում նշեց բանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը, պայմանագիրը ստորագրվել է նախօրեին՝ Լոնդոնում: 6 տտարի մարման ժամկետով այս վարկը կօգտագործվի հիմնականում փոքր ու միջին բիզնեսին վարկավորելու համար:

Վարկի համեմատաբար երկար ժամկետը թույլ կտա վերավարկավորել Հայաստանի հաճախորդներին ավելի նպաստավոր պայմաններով, նշեց նա:

Բանկն աշխատում է DEG-ի հետ 2009 թվականից, իսկ 2012 թ. այնտեղից ստացել է $20 մլն-ի վարկ՝ 8 տարով, հիմնականում՝ կրկին ՓՄՁ-ների համար: Ինչպես նշեց Թառումյանը, այս դրամագլուխն արդեն ամբողջությամբ բաշխվել է վարկառուների միջեւ:

«Այն արդեն ամբջողապես իրացրել ենք, այլապես նոր վարկ չէինք ստանա: Իսկ վարկառու ՓՄՁ-ները զարգացման լավ նշաններ են ցուցաբերում», - հավելեց «Ամերիաբանկի» ֆինանսական տնօրենը:

2015-ի արդյունքներով բանկի վարկային պորտֆելը (չհաշված բանկերին տրված վարկերը) կազմել է 305,6 մլրդ դրամ, որից շուրջ 1/3-ը բաժին է ընկնում ՓՄՁ-ներին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն գրավում է Հայստանի բանկային ծառայություների շուկայի ուրջ 15%-ը: