Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպումը առաջընթաց չի ապահովի՝ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվի: Այս մասին մայիսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանագություն» կուսակցության կառավարման փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ակնհայտ է, որ նրա խոսքով հասարակության ճնշող մեծամասնությունը թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանում տրամադրված են մինչեւ վերջ պայքարելուն: Ազատագրված տարածքները վերաադարձնելու մասին խոսք անդամ չկա, խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցում նույնպես տրամադրվածությունը բացասական է: «Եթե Սերժ Սարգսյանը դրան հակառակ գնա, նա խնդիրներ կունենա, նրան կհիշեն որպես դավաճանի: Չեմ կարծում, որ այս պայմաններում նա կգնա զիջումների»,- նշել է Մարտիորսյանը: Թուրքիայում ներքին խնդիրների ու սիրիական խնդրի ֆոնին, շարունակեց նա, Հայաստանը տարածաշրջանում գործոն դառնալու իրական հնարավորություն ունի, քանի որ ի տարբերություն այլ երկրների՝ այստեղ իրավիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ ըստ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, հաջորդ շաբաթ Վիեննայում ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպմանը նախատեսվում է Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարների ու ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությունը: Սակայն Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը դեռ չի հաստատել նախագահների հանդիպման մասին տեղեկությունը:





























