«Ամերիաբանկը» կարողացել է բարելավել իր Fitch-ի վարկանիշը կապիտալի համարժեքության եւ իրացվելիության բարձր ցուցանիշների շնորհիվ: Այդ մասին մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում նշեց բանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանը:
Նշենք, նախօրեին Fitch միջազգային վարկային գործակալությունը վերահաստատել է բանկին տրված B+ վարկանիշը (արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշ, Long-term foreign currency IDR), սակայն բացասական հեռանկարը փոխվել է դեպի կայուն:
«Այս որոշման համար հիմք են ծառայել «Ամերիաբանկի» ցուցանիշները. բանկն ունի բավարար իրացվելիություն, կարողանում է կառավարել իր ռիսկերը եւ ունի մեծ պոտենցիալ՝ տնտեսության վատթարացումներին դիմակայելու համար: Գործառնական եկամուտները բավարարում են պոտենցիալ կորուստները չեզոքացնելու համար», - նշեց նա:
Նշենք, 2015 թ. արդյուքններով «Ամերիաբանկը» կարողացել է զգալիորեն բարձրացնել բարձր իրացվելի ակտիվների եւ ցպահանջ պարտավորությունների հարաբերակցությունը: Եթե 2014 –ի տարեւերջին այն կազմել է 93%, ապա 2015-ի ավարտին՝ արդեն 177%:


























