Եթե Չեչնիայում այրել են տեղի բնակչի տունը հանրապետության ղեկավարությունից բողոքելուց հետո, ապա իրավապահներն անհապաղ պետք է արձագանքեն դրան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե այդ փաստն իրոք տեղի է ունեցել, ապա իհարկե դա իրավապահ մարմինների կողմից անհապաղ արձագանքելու առիթ է»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեչնիայում Շարոյյան շրջանի Կենխի գյուղում այրել են Ռամազան Ջալալդինովի տունը, որն իր տեսաուղերձով Պուտինին բողոքել էր Ռամզան Քադիրովից:
Ջալալդինովի կինը պատմել է, որ մոտավորապես կեսգիշերին իրենց տուն են մտել դիմակավոր մարդիկ, հայտնել, որ եկել են «իրենց փրկելու»: Նրանց նստացրել են մեքենա, տարել կամուրջի մոտ ու թողել այնտեղ: Ջալալդինովի կնոջն ու երեխաներին տարել են Դաղստանի Խասավյուրտ բնակավայր ու ասել. «Այլեւս ոտք չդնեք Չեչնիա»:





























