Ապրիլյան պատերազմը արմատապես փոխել է աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում. Ադրբեջանի իշխանությունների տարիներ ի վեր վարած ապակառուցողական քաղաքականությունը եւ նեկրոֆիլ գործողությունները ապացուցում են, որ նրանք չեն պատրաստվում «պատերազմի հարացույցը» փոխարինել «խաղաղության հարացույցով»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մարիամ Մարգարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, թե հաջորդ շաբաթ Վիեննայում հնարավոր է՝ տեղի ունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպում:
«Դա հանգեցնում է այն եզրակացության, որ հայկական կողմերին անհրաժեշտ է կիրառել միջազգային իրավունքում գործող rebus sic stantibus սկզբունքը (իրավիճակի արմատական փոփոխություն), եւ որդեգրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայության հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս սահմաններով ճանաչման քաղաքականություն:
Ապակառուցողական քաղաքականության, նեկրոֆիլիայի եւ զավթողական ամբիցիաների վառ օրնակ է ադրբեջանցի դեպուտատի կոչը՝ Զանգեզուրը միացնել Ադրբեջանին»,- գրել նա:
Ըստ Մարիամ Մարգարյանի՝ ստեղծված պայմաններում հայ կառավարող էլիտայի եւ ամբողջ հայության առջեւ կանգնած են հետեւյալ խնդիրները.
1. Չհամաձայնվել բանակցություններ վերսկսել առանց ԼՂՀ պաշտոնական ներկայացուցչի, որը կունենա մասնակից կողմերի հետ հավասար իրավունքներ:
2. Չգնալ որեւէ տարածքային զիջումների, քանի որ այդ քայլը միայն կբացի թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը՝ ստեղծելով անվտանգային նոր խնդիրներ հայության համար: Բացի դրանից, ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, երբ մենք արդեն զիջել ենք Արեւմտյան Հայաստանը, Նախիջեւանը եւ Դաշտային Ղարաբաղը:
3. Շարունակել ակտիվորեն բարձրացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Դաշտային Ղարաբաղի ազատագրման խնդիրը:
4. Տարածված հայտարարության մեջ խոսվում է «վստահության վերականգնման» մասին: Սակայն վստահությունը չի կարող վերականգնել, քանի դեռ միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում կողմերի միջեւ, իսկ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը:
5. Նշված պայմանները պետք է հանգեցնեն Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը:
«Ամբողջ աշխարհի հայությունը չպետք է մոռանա իր պատմական դառը փորձը եւ գիտակցի, որ մենք ենք մեր անվտանգության երաշխավորը»,- գրել է Մարիամ Մարգարյանը:





























