ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բաց նամակով դիմել է ոստիկանապետին՝ Analitik.am կայքի տնօրենի ձերբակալության կապակցությամբ։
«Հարգելի պարոն ոստիկանապետ, շորթման մեղադրանքով Analitik.am կայքի տնօրենի ձերբակալությունից, քրեական գործ հարուցելուց եւ կալանավորելուց հետո տեղեկատվական դաշտում ստոր ու ագրեսիվ արշավ է սկսվել մեր երկրում կարգով, օրենքով, իրավապահների ու դատական համակարգի միջոցով բոլոր խնդիրները լուծելու կողմնակիցների դեմ:
Գիտեմ, որ համամիտ եք՝ բոլոր խնդիրները, վեճերը պիտի լուծվեն օրինական ճանապարհով, հանցագործներով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները, այլ ոչ թե լծակային, թիկնազորային, փողային կամ այլ ազդեցություն ունեցողները:
Ապավինելով երկրում կարգ, կանոն եւ օրինականություն հաստատելու Ձեր ցանկությանն ու գործողություններին՝ բեւեռում եմ Ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ սոցիալական ցանցերում ոստիկանության անունից հանդես եկող, ոստիկանության քարոզչական տարրերի տպավորություն ստեղծող, ըստ մամուլի՝ ոստիկանության համակարգի որոշ աշխատակիցների հետ առնչություն ունեցող էջեր կամ առանձին կայքեր իրականացնում են օրինական դաշտում գործելու դեմ ստոր ու կեղտոտ հակաքարոզչություն:
Խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել բացահայտելու համար այդ մարդկանց, եթե այդպիսիք իրականում առնչություն ունեն համակարգի հետ:
Սույն բաց դիմումի հետ մեկտեղ տարածում եմ նաեւ հայտարարությունս այն մասին, որ որոշում եմ կայացրել վաղը ցուցմունք տալու ՀՔԾ-ում «Անալիտիկ»-ի գործով, քանի որ ձեռք եմ բերել ինձ համար բավարար ու համոզիչ ապացույցներ առ այն, որ հիշյալ գործին առնչվում են կոնկրետ բարձրաստիճան պատվիրատուներ եւ հովանավորներ»,- գրել է Ուրիխանյանը։
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմանում, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը եւ մամուլի ակումբի ղեկավարը բռնվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել նաեւ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը:
Անի Հովհաննիսյանին ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել շորթման հատկանիշներով: Նրանք կալանավորված են:





























