Մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Ըստ ՊՆ հաղորդագրության, ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը եւ վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:

Նշենք, որ ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում գիշերը լարվածությունը պահպանվել է: Հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 21-ամյա Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:

«Հատկանշական է, որ հակառակորդը շփման գծի հրետակոծությունը եւ իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել է ղարաբաղյան կողմի վրա, ինչը եւս մեկ անգամ վկայում է, որ ադրբեջանական կողմը արհամարhում է խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը եւ դիտավորյալ սրում է իրավիճակը»,- գրել է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: