Մարտակերտից տարհանված բնակիչների մեծ մասն արդեն վերադարձել են իրենց տները եւ ապրում են իրենց բնականոն կյանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մարտակերտի վարչական շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը:
«Մարտակերտում կյանքը եռում է, դպրոցները, մանկապարտեզները գործում են, մարդիկ էլ սկսել են գյուղատնտեսությամբ զբաղվել: Մեծ մասն արդեն հողամասերում սածիլ է արել, հունիսի սկզբին էլ գարին կհնձենք»,- ասաց Վլադիկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ մարտակերտցիներից շատերը վերադարձել են մայիսի 10-ին երեկոյան, երբ իրենց հետ հանդիպում է ունեցել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը ու կոչ արել վերադառնալ իրենց տները:
«Վնասված տների վերանորոգման աշխատանքներն էլ շարունակվում են»,- նշեց Վլադիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին արկակոծել էր Մարտակերտ քաղաքն ու մի քանի գյուղեր:





























