«Բլիցկրիգի» ու ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ակնհայտ անհնարությունը պետք է սթափեցնի նրանց, ովքեր մշտապես հայտարարում են ուժային գործողությունների դիմելու վճռականության մասին ու նրանց վերջապես կառուցողական բանակցությունների դրդի: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Ուրալ -Պովոլժյայի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ժամանակ որքանով կհաջողվի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, մասնավորապես շփման գծում հետաքննման  մեխանիզմների տեղակայման հարցով, քաղաքագետը նշեց. «Այս հարցում որեւէ կանխատեսում անելը բավականին դժվար է, քանի որ տարածաշրջանում իրավիճակի վրա շատ գործոններ են ազդում: Բայց ինձ այդուհանդերձ թվում է, որ հաակամարտության գոտում ռազմաքաղաքական ստատուս քվոյի վերականգնումը, բլիցկրիգի ու հակամարտության ռազմական կարգավորման անհնարությունը, նաեւ այն գիտակցումը, որ ցանկացած էսկաալացիա նշանակում է զոհեր ու ավիրածություններ ոչ միայն հակառակորդի, այլեւ սեփական երկրի տարածքում, պետք է սթափեցնեն նրանց, ովքեր մշտապես հայտարարում են ուժային գործողություններ ձեռնարկելու իրենց վճռականության մասին, ու նրանց վերջապես դրդի կառուցողական բանակցությունների»:

Հիշեցնենք, որ մայիսի 16 -ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Վիեննա կմեկնի: Խոսակցություններ կան, որ այդ նույն օրը Վիեննայում կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին ներկա կլինեն նաեւ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները: