Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 14-ին, քննվում է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու միջնորդությունը: ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրին, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն է դիմում  ներկայացրել նրա նկատմամաբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու միջնորդությունը:

Դռնփակ դատական նիստը անցկացնում է դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Գուրգեն Արսենյանի տղան կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով: