Զինվորների հանգստի եւ սննդի կազմակերպման հարցն առաջնահերթ նշանակություն ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։

«Զինվորի հանգստի եւ լավ սննդի նշանակությունը զինվորականները հասկանում են բոլորից լավ։ Ես ինքս դա գիտեմ, քանի որ 6 տարի հասարակ զինվոր եմ եղել՝ 2 տարի ժամկետային զինծառայող, 4 տարի՝ կուրսանտ»,- նշել է գեներալը։

Անդրանիկ Մակարյանը հատկապես ընդգծել է, որ հայ զինվորը ո՛չ սննդի, ո՛չ էլ հագուկապի հետ ոչ մի խնդիր չունի։ Նա ուշադրություն է հրավիրել զորամասի մշտական տեղակայման եւ հենակետերում սննդի նորմատիվների տարբերության վրա։ Երկրորդ դեպքում ստեղծված են բոլոր պայմանները կենցաղային տարբեր հարցերը բացառելու համար, ինչպիսիք են եփելը, աման լվանալը եւ այլն։

«Ի տարբերություն անցյալ տարիների, հիմա պահածոների տարբեր տեսակներ կան։ Իհարկե բանակում կան տարբեր խնդիրներ, բայց սննդի հարցը դրանց թվում չէ»,- ասել է Մակարյանը՝ հավելելով, որ առաջնագծում ծառայողները ամեն կես տարին մեկ նոր համազգեստ են ստանում։