Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին հրազենային վիրավորում ստացած 21-ամյա Հովհաննես Պողոսյանը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ էր վիրավորվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց զինծառայողի մայրը` Գայանե Պողոսյանը:
Մոր խոսքով` այդ ժամանակ ինքը չի իմացել, որ որդին վիրավորվել է:
«Ես Ռուսաստանի Դաշնությունում էի, գնացել էի աշխատելու: Ուշ իմացա, որ ոտքից թեթեւ վիրավորում է ստացել: Եղբայրներին ասել էր, իսկ ինձ՝ ոչ: Ասացի՝ ինչու չէիր ասում, ասաց՝ մամա ջան, թեթեւ բան էր, 4-5 կար են դրել»,- պատմեց մայրը:
Հովհաննեսը, որին ընկերները «Բոնի» են ասում` գանգրահեր լինելու համար, այդ ժամանակ բուժում էր ստացել հոսպիտալում եւ նորից վերադարձել ծառայության:
«Երեկ էլ իմացանք, որ նորից վիրավորվել է: Հիմա մենք գնում ենք Ստեփանակերտ: Վիճակը շարունակում է ծանր մնալ, բժիշկների հետ անընդհատ կապի մեջ ենք»,- ասաց տիկին Գայանեն:
Նշենք, որ Հովհաննեսը Վանաձոր քաղաքից է, ունի մեկ քույր եւ երկու եղբայր: Ընտանիքի անդամները մի քանի տարի է` Վանաձորից տեղափոխվել են Երեւան:





























