Լուգանսկի մարզում մինչեւ 2018-ի ավարտը ցանկանում են պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին «112 Ուկրաինա»-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Գեորգի Տուկան ու հավելել, որ ապագա պատի հմար երկրաբաններն ու գեոդեզիստներն ուսումնասիրում են տարածքը։

«Աշխատում են երկու հզոր խմբեր, որոնք առաջ են շարժվում սահմանի երկայնքով միմյանց ընդառաջ»,-նշել է Տուկան։

Նրա խոսքով, նախագիծը կիրականացվի մինչեւ 2018 թվականի վերջը, «նորմալ ֆինանսավորման» դեպքում։

Պատի կառուցման մասին դեռեւս 2014-ի սեպտեմբերին հայտարարել էր այն ժամանակվա նախարար Արսենի Յացենյուկը։ 2014-ի նոյեմբերին Ուկրաինայի խորհրդարանը հավանություն էր տվել Ռուսաստանի հետ սահմանի սահմանազատման մասին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրի նախագծին։