ԲՀԿ-ն մասնակցելու է Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին։ Այս մասին նշվել է Գյումրիում այսօր՝ մայիսի 15-ին, տեղի ունեցած ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի, իսկ այնուհետեւ Վանաձորում՝ ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի նիստերի ժամանակ, որոնք վարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շիրակի մարզային կառույցի ակտիվի եւ Վանաձորի տարածքային խորհրդի հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են նշյալ քաղաքներում սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին առնչվող խնդիրները։ Նաիրա Զոհրաբյանը նշել է, թե՛ Գյումրիում եւ թե՛ Վանաձորում ԲՀԿ համամասնական ցուցակը պետք է կազմված լինի գրագետ, բանիմաց, քաղաքի պրոբլեմներին քաջատեղյակ եւ հեղինակություն վայելող անձանցից։ ԲՀԿ նախագահը նշել է, որ սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու։
Շիրակի եւ Վանաձորի տարածքային կառույցների ակտիվների հետ ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկել են նաեւ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ։
Տարածքային կառույցների պատասխանատուները ԲՀԿ նախագահին են հանձնել Շիրակի եւ Լոռու մարզերի հիմնախնդիրներին առնչվող մի շարք առաջարկություններ, որոնք անպայմանորեն բարձրացվելու են պատկան մարմինների առաջ։





























