Ռուսական Սու-27-ը Բալթիկ ծովի վրա ամերիկյան RC-135 հետախույզ-օդանավ է նկատել: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն՝ վկայակոչելով Baltic Watch-ը: Դեպքը տեղի է ունեցել Կալինինգրադի մարզի ափերին:

Ամերիկյան ՌՕՈՒ-ի օդանավը դուրս է եկել բրիտանական Mildenhall ավիաբազայից եւ հայտնվել ռադարներին: Տեսնելով կործանիչը՝ հետախույզը հետ է վերադարձել:

Ըստ պարբերականի, սա ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Ռուսաստանի սահմաններին մոտենալու արդեն 5-րդ փորձն է: Ապրիլի 30-ին էլ ռուսական կործանիչը ստիպված էր եղել չափազանց մոտենալ ամերիկյան օդանավին եւ նախազգուշակակն կերպով ցուցադրել թեւերի տակ գտնվող հրթիռները:

«Ռոսիյսկայա գազետա»-ն նշում է, որ հակառակ իրադրության պարագայում ամերիկյան կողմը բավական նյարդային պահվածք է դրսեւորում: 2015 թվականի հուլիսի 4-ին ռուսական Տու-95-ի անձնակազմը մոտեցել էր ամերիկյան գործընկերներին եւ շնորհավորել Անկախության օրվա առիթով:

Ի պատասխան՝ Պենտագոնը նրանց մեղադրել էր անվտանգության կանոնները խախտելու համար: