Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայող Արման Լազգիյանի բուժումը մտադիր են շարունակել մեկ այլ գերմանական կլինիկայում, որը մասնագիտացած է ողնաշարային վնասվածքների ռեաբիլիտացիայի ու բուժման մեջ, այս մասին NEWS.am–ի թղթակցին պատմել է Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Արմանին տեղափոխել էին Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկա ( Գերմանիա), որտեղ նա առայսօր ստանում է բուժում ու հետազոտվում է: Մոտավորապես մեկ շաբաթից, երբ այդ կլինիկայի մասնագետները կհամոզվեն, որ Արմանի բոլոր օրգանները լիարժեք գործում են, բորբոքումներ չկան ու վերքերը փակվել են, նրան կտեփափոխեն Բոբերգում գտնվող մասնագիտացված կենտրոն, որտեղ կզբաղվեն նրա ողնաշարով ու ոսկրածուծով:

Իհարկե ողնաշարի որոշ հետազոտություններ անցկացվել են նաեւ ներկա կլինիկայում, սակայն մասնագիտացված կլինիկայում մի շարք մանրակրկիտ հետազոտություններից հետո վերջնականապես պարզ կդառնա, թե ինչ վիճակում է Արմանի ոսկրածուծը ու ինչ բուժում է նրան պետք: Այն որ նրա ոսկրածուծը վնասված է, ցավոք, փաստ է, բայց թե որքանով, դեռ հայտնի չէ: Անհայտ է նաեւ այն, թե որքանով նա կվերականգնվի: Արմանն ինքը, ինչպես եւ նրա ծնողները, վստահ է, որ կքայլի ու դրա համար կանի հնարավոր ամեն ինչ: Բժիշկներն էլ իրենց հերթին ասում են, որ նրա համար անում են ու կանեն այն ամենն, ինչ կարող են, բայցեւայնպես շատ բան կախված կլինի հենց Արմանից, նրա տրամադրվածությունից ու վճռականությունից:

Վերականգնողական կենտրոնում մեկամսյա բուժումը մոտավորապես 30 հազար եվրո կարժենա, սակայն ճշգրիտ թիվը հայտնի կդառնա, երբ Արմանն արդեն կտեղափոխվի այդ կենտրոն ու հետազոտություն կանցնի: Նախնական տվյալներով, բուժման առաջին փուլն այնտեղ 2-3 ամիս կտեւի, ու արդեն դրա արդյունքներով հնարավոր կլինի հասկանալ, թե ինչպես եւ որքան է պետք շարունակել նրա բուժումը:

Խոսելով Արմանի ներկա վիճակի մասին, Միքայել Լազգիյանը նշեց, որ նա իրեն շատ լավ է զգում, ինքնուրույն շնչում է, խոսում ու ուտում, իսկ մտքերն էլ պարզ են ու հստակ:

Առաջին օրը, երբ նա դեռ նոր էր ժամանել Համբուրգ, Արմանին տեղավորել էին վերակենդանացման բաժանմունքում, քանի որ նա երկարատեւ ուղեւորություն էր կատարել: Սակայն հենց հաջորդ օրը, համոզվելով, որ նրա մոտ ամեն ինչ լավ է, գերմանացի բժիշկները նրան տեղափոխել են հիվանդասենյակ, որտեղ էլ նա գտնվում է մինչեւ հիմա:

Կլինիկայի անձնակազմը, հոր խոսքով, այս օրերին աշխատել է ժամացույցի նման՝ վայրկյանի ճշգրտությամբ անելով բոլոր ծրագրված բուժակարգերն ու հետազոտությունները: Այս օրերին մի շարք հետազոտություններ են արվել, իսկ թոքերից, ստամոքսից ու 12 մատնյա աղիքից դրենաժները հեռացվել են: Արդեն երկրորդ օրվանից Արմանը կարողանում էր ջուր խմել, երրորդ օրվանից՝ լիարժեք սնվել՝ նորմալ ծամելով սնունդը:

Ավելին, Արմանի թոքերը հիմա նորմալ գործում են՝ երկար ժամանակ դրանց մեջ հեղուկ էր կուտակվում. այստեղ Հայաստանում, նրան երկար բուժել են, սակայն թոքերի խնդիրը մնում էր, վերջին վիրահատության ժամանակ նրա թոքերից 3 լիտր հեղուկ էին հանել: Գերմանիայում արդեն 5-6 օր հետո նրա թոքերը սկսել են նորմալ գործել, այլեւս հեղուկ չէր կուտակվում: Գերմանական դեղերն են պատճառը, թե այնտեղի օդը՝ ոչ ոք չգիտի, բայց կարեւորը, որ տղան վերականգնվում է, ու արդեն պատրաստվում ռեաբիլիտացիայի:

Հիշեցնենք, որ Արման Լազգիյանը ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ողնաշարի վիրավորում ու ոսկրածուծի վնասվածք էր ստացել: Նրան ծանր վիճակում հասցրել էին «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացմաան բաժանմունք: Մի շարք վիրահատություններից հետո Արմանի ծոնղները ցանկացել են նրա բուժումը շարունակել Գերմանիայում: Հայ բժիշկները Արմանի համար արել են այն ամենն, ինչ նրանց ուժերի սահմանում էր, բայց քանի որ Գերմանիայում վերականգնողական բժշկությունն ավելի զարգացած է, քան Հայաստանում՝ այնտեղ Արմանը, շատերի կարծիքով ոտքի կանգնելու ավելի շատ շանսեր ունի:

Չնայած Հայաստանի Կառավարության որոշմանն այն մասին, որ այն վիրավորները, ում Հայաստանում չեն կարողանա պատշաճ օգնություն ցուցաբերել, Կառավարության միջոցներով կուղարկվեն արտասահման բուժվելու, Արման Լազգիյանի վրա այդ որոշումը չտարածվեց: Բայց քանի որ ծնողները պնդում էին արտասահմանյան բուժման անհրաժեշտութունը, Կառավարության անդամները նրանց օգնեցին «մասնավոր աղբյուրներից» ստացված միջոցներով: Օգնել են նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք գումար են փոխանցել այն հաշվին, որը բացված է Արման Լազգիյանի անունով: