Ֆրանսիական Air France ազգային ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել չվերթների մինչեւ 30 տոկոսը` կապված օդաչուների գործադուլի հետ, որոնք այս եղանակով իրենց բողոքն են արտահայտում աշխատավարձի կրճատման դեմ, ինչպես նաեւ պահանջում են չեղյալ հայտարարել աշխատանքային օրենսդրությունը, որն աշխատակիցների ընդունման եւ հեռացման ընթացակարգի թեթեւացում է նախատեսում, հայտնում է   Informing-ը: 

Ակնկալվում է, որ ակցիան կշարունակվի մինչեւ հունիսի 14-ը, իսկ դա անհարմարություններ կստեղծի հազարավոր ֆուտբոլային երկրպագուների համար, որոնք Ֆրանսիա են եկել հունիսի 10-ին մեկնարկած  Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առիթով:

Ավիաընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ այժմ առավելություն է տրվում   չվերթներին դեպի քաղաքներ, որտեղ  Եվրո-2016-ի խաղեր են ընթանում: Air France-ի ղեկավար Ֆրեդերիկ Գաժեի խոսքով, այդ քաղաքներ չվերթների ընդհատումները նվազագույնի կհասցվեն:   

Ավելի վաղ ավիափոխադրողը խոստացել էր կատարել թռիչքների մեծ մասը: մասնավորապես, խոստացել էին, որ կիրականացվի երկրի տարածքում հեռավոր ուղղություններով մշտական թռիչքների   90 տոկոսը եւ միջին հեռավորության թռիչքների 75 տոկոսը:

Նշենք, որ գործադուլի հետեւանքով ավիաընկերության ենթադրյալ կորուստները արդեն գնահատվել են օրական 5 մլն եվրո: Իմիջիայլոց, 2014-ին երկշաբաթյա գործադուլի հետեւանքով  Air France-ը զրկվել էր 400 մլն եվրոյից:

Պետք է ասել, որ այս ակցիան մասն է այն գործադուլային շարժման, որը վերջին երեք ամսվա ընթացքում ցնցում է ամբողջ երկիրը: Աշխատանքի համընդհանուր ֆեդերացիան  (ԱՀՖ), որը խոշորագույն արհմիությունն է, պահանջում է, որ կառավարությունը հետ կանչի աշխատանքի բարեփոխումը, որն ընկերություններին հնարավորություն է տալիս ֆինանսական դժվարությունների դեպքում ազատել աշխատակիցներին:   

Մտավախություններ կան, որ կոմունալ աշխատողների գործադուլը կարող է խափանել  ֆան-գոտիները ֆրանսիական Սենտ-Էտյեն քաղաքում: 

Քաղաքապետ Գաել Պերդրիոն նշել է, որ Եվրո-2016-ի ընդունման տարածքները լուրջ սպառնալիքի տակ են, այդ պատճառով Ներքին գործերի նախարարությունը կտեղեկացվի դրանք չբացելու անհրաժեշտության մասին: