Զենքի համաշխարհային շուկան վերջին 10 տարում գրանցել է իր առավելագույն ցուցանիշը, գրում է Bloomberg–ը՝ վկայակոչելով IHS Global Defence Trade Report–ի զեկույցը։

Հաղորդվում է, որ սպառազինությունների շուկայի հիմնական աճը պայմանավորված է Սաուդյան Արաբիայի գնումներով։ Ընդ որում, զենքի պահանջարկն աճել է նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների մեծ մասում։

IHS–ի հետազոտությունների համաձայն՝ զենքի համաշխարհային շուկայի ծավալը 10 տոկոսով գերազանցել է 2014-ի ցուցանիշը եւ կազմել 65 մլրդ դոլար։ Սաուդյան Արաբիան անցյալ տարի գնել է F-15 կործանիչներ եւ Apache ուղղաթիռներ։ Բացի այդ,  թագավորության բանակը համալրվել է անօդաչուներով, գերճշգրիտ զենքերով եւ դիտարկման սարքավորումներով։

2015-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան աշխարհում սպառազինությունների ներկրման քանակով առաջին տեղում է։ Ընդ որում, Էր Ռիադը ներմուծման ծավալները 50 տոկոսով մեծացրել է անցյալ տարի։ Աշխարհում զենքի երկրորդ խոշորագույն ներմուծողը Հնդկաստանն է, երրորդը՝ Ավստրալիան։