Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մոլդովայում ընտրությունների վերաբերյալ Օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որոնք վերաբերում են նախագահի ուղիղ ընտրությունների անցկացմանը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը:
Մոլդովայի սահմանադրական դատարանը 2016-ի մարտի 4-ին չեղյալ է համարել 2000 թվականի հուլիսի 5-ի հիմնական օրենքի փոփոխությունը եւ ուժի մեջ է թողել պետության ղեկավարի նախնական մեխանիզմը` համընդհանուր, հավասար, համաժողովրդական ուղիղ գաղտնի քվեարկությունը: Մոլդովայում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 30-ին:
«Վենետիկի հանձնաժողովը դրական արձագանք է տվել Մոլդովայի օրենսդրության փոփոխություններին, որոնք նախատեսում են այս տարվա աշնանը նախագահի ուղիղ ընտրությունների անցկացում», — հայտնել է Դոդոնը:
Նրա խոսքով, միջազգային կառույցը նաեւ «ի գիտություն է ընդունել երկրի խորհրդարանում Սոցիալիստների կուսակցության հնչեցրած առաջարկը ընտրությունների մասին Օրենսգրքում փոփոխությունների առումով»: «Խոսքն այն փոփոխությունների մասին է, որոնց համաձայն, կառավարությունը պարտավոր է ընտրական տեղամասեր բացել արտասահմանում` հիմնվելով համապատասխան երկրների միգրացիոն ծառայությունների տեղեկության վրա», — պարզաբանել է սոցիալիստների առաջնորդը:
Դոդոնը նշել է, որ եթե Ռուսաստան է գալիս Մոլդովայի մոտ 550 հազար քաղաքացի, Օրենսգրքի նորմերի համաձայն, անհրաժեշտ է 170-180 տեղամաս բացել: Նա ընդգծել է, որ Մոլդովայում 2014-ին տեղի ունեցած ընտրություններին հանրապետության արտասահմանում գտնվող քաղաքացիների մոտ մեկ երրորդը չի կարողացել քվեարկել:
«Հետագա շաբաթներին Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ կքննարկի ընտրությունների վերաբերյալ Օրենսգրքում փոփոխությունները եւ կհաստատի նախագահի համաժողովրդական ընտրության վերջնական ընթացակարգը: Սոցիալիստները կպնդեն, որ ընդգրկվեն նաեւ մեր առաջարկները, որոնք Մոլդովայի արտասահմանում աշխատող հարյուր հազարավոր քաղաքացիների համար հասանելի կդարձնեն քվեարկությունը», — նշել է Դոդոնը:





























