Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ) ձերբակալել «Ղրղզալթին» պետկոնցեռնի նախկին նախագահ Դասթան Սարիգուլովին ընդդիմադիր «Ժողովրդական խորհրդարան»-ի առաջնորդների նկատմամբ իշխանության բռնազավթման նախապատրաստության մեղադրական գործում նոր հանգամանքների ի հայտ գալու կապակցությամբ, երկուշաբթի հայտնել է ԱԱՊԿ-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեկ ամիս առաջ Ղրղզստանի դատարանը ձերբակալել էր «Ժողովրդական խորհրդարան»-ի առաջնորդներին քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է «իշխանությանը բռնի տիրանալու նախապատրաստություն» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու նախապատրաստություն» հոդվածներով: Այդ ընթացքում ինտերնետում հայտնվել են ընդդիմադիր «Ժողովրդական խորհրդարան»-ի իբր առաջնորդների հեռախոսազրույցների սղագրությունները, որոնց մասնակիցները զենքի կիրառությամբ իշխանության գրավման պլաններ են քննարկում: Այդ սղագրությունների իսկությունը պաշտոնապես չի հաստատվել:
«Կ.Կադիրովի, Բ. Ասանովի, Դ. Սարիգուլովի եւ այլ անձանց վերաբերյալ քրեական գործի շրջանակում, որում նրանք մեղադրվում են իշխանության բռնազավթում նախապատրաստելու համար, գործում նոր հանգամանքների ի հայտ գալու կապակցությամբ Սարիգուլով Դաստան Իսլամովիչը ձերբակալվել է որպես կասկածյալ եւ տեղափոխվել է ԱԱՊԿ-ի ժամանակավոր մեկուսարան», — հայտնել են գերատեսչությունից:
Մամուլի ծառայությունը նաեւ հայտարարություն է տարածել, որ քննությունը չի բացառում այն տարբերակը, որ «երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձերը, որոնք ձեռք են առնվել ընթացիկ տարվա մարտին, կապված էին Ղրղզստանի իշխանությունների կողմից «Կումտոր» նախագծում կոռուպցիոն սխեմաների ակտիվ հետաքննությամբ: Վաթսունիննամյա Սարիգուլովը 1990-ականներին զբաղեցրել է Ղրղզստանի Տալասյան մարզի նահանգապետի պաշտոնը: 1992-ի հոկտեմբերից մինչեւ 1999 հուլիսը հանդիսացել է «Ղրղզալթին» պետկոնցեռնի նախագահը, «Կումտոր» նախագծի իրականացման կուրատորը: 2005-2006 թվականներին զբաղեցրել է Ղրղզստանի պետքարտուղարի պաշտոնը:
««Կումտոր» նախագծի քրեական գործի շրջանակում ԱԱՊԿ-ի քննչական վարչությունը նաեւ դիտարկում է «Կամեկո», «Կումտոր Օպերեյթինգ», «Կումտոր գոլդ», «Ցենտերրա գոլդ» ընկերությունների նախկին նախագահ Լեոնարդ Խոմենյուկի հայտարարությունը, որում հեղինակը ցուցմունք է տալիս «Ղրղզալթին» ԲԲԸ-ի նախկին նախագահ Դ. Սարիգուլովի գործունեության մեջ կոռուպցիայի փաստերի մասին, նա ղրղզական կողմից ղեկավարում էր «Կումտոր» նախագծի իրականացումը, հայտնել են մամուլի ծառայությունից:
Centerra Gold-ը Ղրղզստանում իրականացնում է ոսկու մոտ 700 տ պահուստով Կումտոր հանքավայրի շահագործումը: Կումտորի հանքավայրն ընկերության հիմնական ակտիվն է, որը 97 տոկոս եկամուտ է բերում: Ղրղզստանի կառավարությունը պետական բաժնետիրական «Ղրղզալթին» ընկերության միջոցով տիրապետում է Centerra-ի բաժնետոմսերի մոտ 33 տոկոս փաթեթի: Բիշքեկը պնդում է, որ նախկին նախագահներ Ասկար Ակաեւի եւ Կուրբանբեկ Բակիեւի կառավարման օրոք միջազգային ներդրողների հետ հանրապետության համար ակնհայտորեն ոչ շահավետ համաձայնագրեր են կնքվել Կումտորի շահագործման վերաբերյալ եւ պահանջում է լուծարել դրանք: 2014-ին Centerra Gold ընկերության նախկին նախագահ Խոմենյուկի նկատմամբ, որն անմիջական մասնակցություն էր ունեցել Կումտորի վերաբերյալ համաձայնագրերի մշակմանը, միջազգային հետախուզում է հայտարարվել ղրղզական կողմի պահանջով:





























