ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ:
ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է անհանդուրժողականության այս զարհուրելի երեւույթը եւ ընդգծել, որ բարեկամ ամերիկացի ժողովրդին պատուհասած այդ դժբախտությունը կրկին ապացուցեց, որ ատելության բոլոր դրսեւորումները, որոնց հաղթահարումը բոլորի հավաքական պարտքն ու առաքելությունն է, նույնիսկ 21-րդ դարում շարունակում են մնալ լրջագույն մարտահրավեր մարդկության համար:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ի գիշերը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգության հետեւանքով զոհվել է 50 մարդ, 53-ն էլ վիրավորվել են։ Կասկածյալ Օմար Մաթինը, ՀԴԲ տեղեկություններով, զանգահարել էր շտապ օգնության հեռախոսահամարով ու հայտնել, որ ինքը ԻՊ գաղափարակիր է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածն ահաբեկչություն է անվանել:





























