ԳԴՀ-ի ԱԳՆ-ն մոտ ժամանակներս ընտրովի եւ գրավոր եղանակով թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորներին կտեղեկացնի Թուրքիա մուտքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին ճեպազրույցին հայտնել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ճիշտ է, որ ԱԳՆ-ն վերջին իրադարձությունների լույսի ներքո մտածում է քաղաքական եւ իրավական շրջանակային պայմանների մասին, որոնք ներկայումս գոյություն ունեն Թուրքիայում… Ամեն դեպքում մենք ելնում ենք ԶԼՄ-ների հաղորդագրություններից, որ Թուրքիայում քրեական մեղադրանքներ են առաջադրված բունդեսթագի թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորների նկատմամբ: Թե թուրքական պաշտոնատար անձինք երբ եւ ինչպես քրեական գործեր կհարուցեն այդ մեղադրանքների հիման վրա, չգիտենք եւ չենք կարող իմանալ:  Այդ պատճառով խելամիտ է, որ ԱԳՆ-ն… մտորի այդ թեմայով: Ես գիտեմ, որ… մոտ ժամանակներս խնդրո առարկա պատգամավորները ԱԳՆ-ից գրավոր կտեղեկացվեն այդ մտորումների վիճակի մասին», — ասել է Շեֆերը: 

Նա ընդգծել է, որ խոսքը թուրքական արմատներով ոչ բոլոր պատգամավորների մասին է, այլ միայն այն խորհրդարանականներին, որոնց «վերաբերում է իրավիճակը»:

Ավելի վաղ Spiegel շաբաթաթերթը հայտնել էր, որ ԳԴՀ-ի ԱԳՆ-ն պատգամավորներին գաղտնի խորհուրդ է տվել մոտ ժամանակներս չմեկնել Թուրքիա, որովհետեւ նրանց անվտանգությունը չի կարող երաշխավորվել: Բունդեսթագի կողմից` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ հանցագործությունները որպես ցեղասպանություն ճանաչելուց հետո ծագումով Թուրքիայից պատգամավորները սկսել են սպառնալիքներ ստանալ, նրանց վրա վիրավորանքներ են թափվել, այդ թվում` Անկարայի պաշտոնական անձանցից:    

Սակայն ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հանձնարարականների վերաբերյալ  Spiegel-ի ձեւակերպումը ճիշտ չէ:  «Այն, ինչ Spiegel-ը գրել է ինչպես առցանց տարբերակում, այնպես էլ թղթային թողարկման մեջ, սխալ է», — ասել է Շեֆերը: