Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի Առեւտրի ամերիկյան պալատի նախագահ Ալեքսիս Ռոձյանկոյի հանդիպումը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ԵՏՀ մամուլի ծառայությունից։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ամերիկյան բիզնես համայնքի հետ ԵՏՀ հետագա համագործակցության հեռանկարները։
Տիգրան Սարգյանն ընդգծել է, որ ԵՏՀ–ն պատրաստակամ է ինստիտուցիոնալ համագործակցություն կառուցել ինչպես ԱՄՆ բիզնես համայնքի, այնպես էլ առեւտրային եւ տնտեսական համագործակցության համար պատասխանատու պետական իշխանության մարմինների հետ։
Տիգրան Սարգսյանը շեշտել է օտարերկրյա գործընկերների հետ Հանձնաժողովի համագործակցության բաց լինելը։ «ԵՏՀ–ի հետ երկխոսությունն անհրաժեշտ է։ Մենք լավագույն միջազգային պրակտիկայի համաձայն՝ տնտեսական տարածք ենք ստեղծում։ Մեր համագործակցությունը օգտակար է նորմալ երկխոսություն կառուցելու համար»,– ասել է Տիգրան Սարգսյանը։
Նա առաջարկել է սկսել համագործակցել ամերիկյան կառավարական եւ բիզնես կառույցների հետ տեխնիկական բնագավառներում։ Խոսքը մասնավորապես տեխնիկական կարգավորման ոլորտում երկխոսության մասին է։
Ալեքսիս Ռոձյանկոն իր հերթին նշել է, որ ինքն իր կողմից ջանքեր է գործադրում, որպեսզի այդ թեզիսը հասցնի ԱՄՆ քաղաքական եւ տնտեսական իսթեբլիշմենթին։





























