ԱՄՆ-ն դեռեւս տեղեկություններ չունի այն մասին, որ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում ահաբեկչությունը կազմակերպվել է արտերկրյա որեւէ ծայրահեղական խմբավորման կողմից: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված նիստից հետո հայտարարել է այդ երկրի նախագահ Բարաք Օբաման:

Նա, սակայն, ընդգծել է, որ հարձակումն իրականացրած աֆղանական ծագմամբ 29-ամյա ամերիկացի Օմար Մատինը «ծայրահեղական քարոզչության ազդեցության տակ է եղել» եւ կիսել ԻՊ-ի ահաբեկիչների ծայրահեղական հայացքները:

Օբաման նաեւ հայտարարել է, որ Օռլանդոյի ողբերգության ֆոնին ԱՄՆ-ն կուժեղացնի միայնակ-ահաբեկիչների դեմ պայքարը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ Օռլանդոյի Florida Pulse գիշերային ակումբում հարձակումն իրականացվել է հունիսի 12-ին: 29-ամյա Օմար Մատինը 49 մարդու է սպանել, ակումբի 53 այցելու էլ վիրավորվել է: Սա ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ զոհերի թվով ամենաարյունալի հարձակումն է համարվում: