Ռուսական իշխանությունների համար աշխատող հաքերները կոտրել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի համակարգչային ցանցը՝ ձեռք բերելով Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մասին դեմոկրատների հետազոտությունների տվյալների բազան: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի ղեկավարին եւ անվտանգության հարցերի փորձագետներին:
Նրանց խոսքով, հաքերներին հասանելի են դարձել նաեւ աշխատակիցների միջեւ առցանց նամակագրությունը եւ նրանց էլեկտրոնային փոստերը:
Ամերիկյան իշխանությունների տեղեկացմամբ, «ռուսաստանցի լրտեսները» հարձակում են գործել նաեւ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի արշավներին մասնակցողների համակարգչային ցանցերի վրա: Հարձակումների այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ըստ Gazeta-ի, ռուսական դեսպանությունում The Washington Post-ին հաղորդել են, որ տեղյակ չեն «նման հարձակումների մասին»:
Իսկ դեմոկրատների հանձնաժողովում ընդգծել են, որ որեւէ ֆինանսական կամ անձնական տեղեկություն չի ներբեռնվել: Այդ պատճառով կարծիք կա, որ ցանցերի վրա հարձակումը լրտեսություն է, այլ ոչ թե հաքերների ձեռքի գործը, որոնք տվյալներ են գողանում՝ հարստանալու նպատակով:





























