Իսրայելի խորհրդարանի ռուսախոս խոսնակ Յուլի Էդելշտեյնն ամուսնացել է ռուսաստանյան նավթային ՅՈՒԿՈՍ ընկերության նախկին համասեփականատիրոջ դստեր` Իրինա Նեւզլինայի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նրա տվյալներով, ամուսնության արարողությունը տեղի է ունեցել անցած երեկոյան` Երուսաղեմի պատմական կենտրոնում, առանց մամուլի,   180 հյուրի` հարազատների եւ մոտ ընկերների մասնակցությամբ:  Իսրայելական Տասներորդ հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է նորապսակների լուսանկարը, որոնք, հրեական ավանդույթի համաձայն, կանգնած են Տաճարի լեռան տեսքն ունեցող խուպայի տակ: 

Ամսվա վերջին զգալիորեն ավելի ծավալուն հանդիսություն է նախատեսված, որին, տեղի ԶԼՄ-ների տվյալներով, մոտ հազար մարդ է հրավիրված, այդ թվում` իսրայելական խորհրդարանի գործնականում ամբողջ կազմը: 

«Բայց փաստացիորեն նրանք ամուսնացել են երեքշաբթի` Երուսաղեմում գաղտնի արարողության ընթացքում», — հայտնել է հեռուստաալիքը:

Խորհրդային այլախոհ, ռուս ուղղափառ հոգեւորականի որդի Էդելշտեյնը 1987-ին Իսրայել տեղափոխվելուց հետո   կանգնած է եղել ռուսախոս վերաբնակիչների  «Իսրայել բա ալիա» կուսակցության ակունքներում, յոթ անգամ անընդմեջ պատգամավոր է ընտրվել, ալիայի եւ աբսորբցիայի (իմիգրացիայի եւ իմիգրանտների ադապտացիայի) նախարար է եղել, տեղեկատվության եւ սփյուռքի հետ կապերի նախարար, արդեն երկրորդ ժամկետը գլխավորում է Կնեսետը:  

Իրինա Նեւզլինան Ռուսաստանը լքել է 2003-ին, նախ Լոնդոնում է ապրել, այժմ Իսրայելում գլխավորում է մարդասիրական ՆԱԴԱՎ հիմնադրամը եւ Թել Ավիվում Հրեա ժողովրդի թանգարանի տնօրենների խորհուրդը: Նրա հայրը,  «ՅՈՒԿՈՍ-ի գործով» մեղադրյալներից մեկը` Լեոնիդ Նեւզլինը, ՌԴ-ում հեռակա դատապարտված է սպանությունների եւ սպանության փորձերի կազմակերպման համար: Նա ինքն իր մեղքը չի ընդունում, իսկ Իսրայելը հրաժարվում է արտահանձնել նրան: 

Երկուսն էլ երկրորդ անգամ են ամուսնանում: Էդելշտեյնի առաջին կինը` Տատյանան, որի հետ նա ավելի քան 30 տարի ապրել էր, երկու տարի առաջ մահացել է քաղցկեղից: