Ֆրանսիան պետք է շարունակի պայքարը ահաբեկչության դեմ, բայց դեռ նոր ահաբեկչական գործողությունների է բախվելու: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը` ելույթ ունենալով France Inter ռադիոկայանի եթերում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը, անհրաժեշտ է շարունակել ոստիկանությանը, ժանդարմերիային եւ հետախուզությանը բոլոր անհրաժեշտ միջոցների տրամադրումը», — ասել է Վալսը:
Միաժամանակ նա նշել է, որ Ֆրանսիան միեւնույն է` բախվելու է ահաբեկչական նոր գործողությունների:
«Մենք դեռեւս ահաբեկչական նոր գործողություններ կճանաչենք, որովհետեւ բախվել ենք ահաբեկչական կազմակերպության, որը նահանջում է Սիրիայում եւ Իրաքում եւ որը մեր երկրում ահաբեկչական նոր գործողություններ է ծրագրում` այլ ձեւերով, որպեսզի վախ եւ մեկուսացածություն բերի», — ընդգծել է Վալսը:
Վալսի հայտարարությունը հնչել է երկու ոստիկանի կյանք խլած ահաբեկչական գործողության հաջորդ օրը:
Երեքշաբի գիշերը 25-ամյա Լարոսսի Աբբալլան Փարիզի մոտակայքում հարձակվել էր իր հարեւան ոստիկանի վրա եւ սպանել էր նրան` դանակային մի քանի վնասվածք հասցնելով փորին, ինչից հետո պատանդ էր վերցրել նրա կնոջը եւ երեխային: Չարամիտը վերացվել էր ոստիկանական հատուկ ջոկատի գործողության ընթացքում: Կինը, որը եւս ՆԳՆ-ի կառույցներում էր ծառայում, զոհվել է, երեք տարեկան երեխան ողջ է մնացել:
Աբբալլան իրավապահ մարմիններին հայտնի էր որպես թալանի եւ ահաբեկչական խմբի գործունեության մասնակից, 2013 թավականին նա երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել: Աբբալլայի անունը, ԶԼՄ-ների տվյալներով, առկա է նաեւ այն մարդկանց ցուցակում, որոնք կապված են Սիրիա մեկնած մարդու հետ: Ոստիկանությունը հետեւել է կասկածյալին, այդ թվում` գաղտնալսել է նրա կապի միջոցները, բայց նախապատրաստվող հարձակման մասին տվյալներ չի ստացել:





























