Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձեւը ստվերեց այդ փաստը, որը Գերմանիան ընդունել է երիտթուրքերի կառավարության հետ իր համագործակցությունը, գրում է Corriere della Sera–ն։
Դա ստիպում է հիշել Արմին Վեգների նամակը Հիտլերին։ Պրուսիայի պալատական Վեգները 1933-ին գրած նամակում ֆրյուրերին բացատրում էր, թե ինչու չի կարելի հալածել հրեաներին, ժողովրդի, որն այդքան բան է արել գերմանական քաղաքակրթության ստեղծման համար եւ արել է այդպիսի հայրենասիրությամբ։

Մի քանի ամիս անց Վեգների մոտ է գալիս ոստիկանությունը։ Նրան բանտ են նստեցնում։ Նա հայտնի է նաեւ հայերի ճակատագրի մասին իր լուսանկարներով։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա որոշել էր դառնալ բժշկական մասերի սպա։

Պատերազմի ժամանակ Արմինը տիֆով է վարակվում, բայց հրաշքով ողջ է մնում։ Դրանից հետո նա որոշում է անմասն չմնալ ուրիշի դժբախտություններից։ «Կիլիկիայի հարթավայրերում նա տեսնում է հայ փախստականների խմբեր, որոնք Տավրոսի լեռներից աննպատակ քայլում էին դեպի անապատ։ Նրա սիրտը ճմլվում է լքյալ երեխաների տեսքից, որոնք քաղցած ու անօգնական սեղմվել էին իրար եւ դողում էին գիշերվա ցրտից։ Թվում էր, թե ճակատագիրը անապատի ծայրում էր հավաքել աշխարհի բոլոր սարսափները»։

Բոլոր զինվորներին եւ քաղաքացիական անձանց՝ թուքերին ու գերմանացիներին, հրամայված էր ոչինչ չնկատել։ Բայց Արմինը նկատում էր ու ապարդյուն փորձում էր որդեգրել այդ երեխաներից մեկին։ Իշխանությունները նկատել էին դա, եւ սպայի կոչումն իջեցվել էր։ Վերադառնալով պատերազմից՝ նա անմիջապես չէր պատմել իր տեսած սարսափների մասին։ Արդեն պատերազմից հետո՝ Վեյմարի  հանրապետության ժամանակ, նա գիտաժողովներ էր կազմակերպել, որտեղ ցուցադրել էր իր եւ ուրիշների լուսանկարները։ Այն բանի համար, որ նա այդ ամենը միանգամից չի պատմել եւ օգտագործել է ուրիշի լուսանկարները, նրան մեղադրել էին օպորտունիզմի եւ բանագողության մեջ։

Սակայն իրականում նա տարիներ էր ծախսել ողբերգության մասին տեղեկություններ հավաքելու եւ դրա մասին պատմելու համար։ 1921-ին նա հանդես էր եկել Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի պաշտպանությամբ։ 1919-ին նա նամակ էր գրել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ կոչ անելով ուսումնասիրել հայկական հարցը։

Նացիզմի դարաշրջանում Վեգները, լինելով Լուսավորության գերմանացի, չի ցանկացել հրաժարվել իր ազգությունից։ Նա չի մնում Գերմանիրայում. 1939-ին մեկնում է Իտալիա։ Այնտեղ նա ամուսնանում է լեհուհի Իռեն Կովալսկայայի հետ։ Նրա հրեական ծագումը չի վրիպում ֆաշիստական ոստիկանության ուշադրությունից։

1938–ի դեկտեմբերին Վեգները նոր նամակ է գրում, այս անգամ՝ Բենիտո Մուսոլինիին։ Սերտելով առաջին դառը փորձի դասերը՝ նա Մուսոլինիին  նամակում անվանում է հարգարժան ուսուցիչ եւ ֆյուրեր։ «Ես Ձեզ այս տողերը գրում եմ նաեւ իտալական արհեստների վարպետության նկատմամբ իմ հիացմունքն արտահայտելու համար»,– գրել էր նա։

Այդ տողերը շոյել էին ֆաշիզմի առաջնորդի ականջը, եւ Մուսոլինին հրամայել էր հանգիստ թողնել Վեգների ընտանիքը։

Նա մահանում է Հռոմում 1978 թվականին։