Թուրքիայում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Հանս Յորգ Հաբերի հրաժարականը բացասաբար չի անդրադառնա Անկարայի հետ ԵՄ-ի հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է ներքին գործերով, միգրացիայի ու քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նրա հեռանալը չի անդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների վրա»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչը հունիսի 14-ին հայտնել էր, որ Հաբերը կլքի իր պաշտոնը օգոստոսի 1-ից: Մայա Կոսյանչիչը հրաժարվել է նշել նրա հրաժարականի պատճառները, հայտնելով միայն, որ Թուրքիայում ԵՄ նոր դեսպանը շուտով կնշանակվի: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, ԵՄ դեսպանը մինչ այդ քննադատական արտահայտություններ էր արել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի նպատակով Եվրամիության ու Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի կատարման վերաբերյալ:
Մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Հաբերին, որպեսզի նրան վրդովմունք արտահայտի՝ մամուլի ասուլիսին նրա ելույթի կապակցությամբ: Դեսպանն ասել էր, որ Թուրքիային ներկայացված 72 պայմանները, որոնք նա պետք է կատարի ԵՄ հետ անվիզա ռեժիմի ներդրման համար, դեռ 2013-ին էին որոշված: Ընդ որում Հաբերը հավելել էր. «մենք մի ասացվածք ունենք՝ «սկսել թուրքի նման, ավարտել գերմանացու նման»: Սակայն այս հարցում ամեն ինչ հակառակն է»: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը նշել էր, որ այդ խոսքն «անհարիր» է դեսպանին:





























