Լայպցիգի համալսարանի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն, Գերմանիայի ամեն տասներորդ քաղաքացին ցանկանում է, որ երկիրը ղեկավարեր   «ֆյուրերը», հայտնում է Daily Mail-ը:

Հարցումը ցույց է տվել, որ Գերմանիայի բնակչությունը դժգոհ է երկրում իրավիճակից  եւ  «ամուր ձեռքով» առաջնորդի կարիք է զգում: Այսպես,  2240 հարցվածների մոտ 34 տոկոսը համարում է, որ ԳԴՀ-ն «վտանգավոր կերպով գերբնակեցված է օտարերկրացիներով», իսկ պատասխանողների 11 տոկոսը հայտնել է, որ հրեաները չափազանց մեծ ազդեցություն ունեն հասարակությունում:   

Տասը քաղաքացուց չորսն անհրաժեշտ է համարում մահմեդականներին արգելել ներգաղթել ԳԴՀ, իսկ պատասխանողների կեսը խոստովանել է, որ իրեն  «օտարերկրացի» է զգում հարազատ երկրում:

Բացի այդ, գերմանացիների 12 տոկոսը համարում է, որ իրենց ազգությունն իր բնույթով  «գերազանցում է» մյուսներին, ինչը, հիշեցնում է թերթը, հիտլերյան Գերմանիայի գաղափարախոսության կենտրոնական տարրն էր:   

Հարցումը նաեւ գնչուների եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց հանդեպ բացասական տրամադրությունների ուժգնացում է ցույց տվել: 

Համալսարանի զեկույցում ասված է, որ գերմանական հասարակությունը «ակնհայտ բեւեռացում եւ արմատականացում» է դրսեւորում:

«Երկու խումբ գոյատեւում է կողք կողքի: Կան մարդիկ, որոնք ակտիվորեն ներքաշված են փախստականներին օգնություն տրամադրելու գործում, կան նաեւ նրանք, ովքեր ակտիվորեն մերժում են նրանց», — հայտնել է զեկույցի հեղինակներից մեկը` Օլիվեր Դեկերը: 

Դեկերը համարում է, որ այնուամենայնիվ չի կարելի խոսել Գերմանիայում ծայրահեղական աջակողմյան տրամադրությունների աճի մասին: Սակայն ի տարբերություն երկու տարի առաջ կատարված հետազոտության, նոր հարցումը ցույց է տվել, որ գերաջակողմյան խմբերն ավելի հակված են ուժն օգտագործել իրենց նպատակների արմատավորման համար, քան  նախկինում: