Արդեն այս տարվա հուլիսին Թուրքիային ԵՄ երկրների հետ անվիզա ռեժիմ տրամադրելու մասին Բրյուսելի խոստումն անիրատեսական էր թվում, համարում է Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Ալեքսանդր Լամբսդորֆը: Լամբսդորֆը Գերմանիայի դեմոկրատական ազատ կուսակցության անդամ է ու Եվրախորհրդարանում ԵՄ- Թուրքիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովի անդամ:
Նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում պատմել է, որ տեսականորեն, եթե Թուրքիան կատարեր բոլոր 72 անհրաժեշտ պայմանները, ապա վիզայի վերացումը հաստատ հնարավոր կլիներ առաջիկա տարվա ընթացքում:
«6-12 ամսվա ընթացքում դա հաստատ հնարավոր կլիներ: Բայց դա չէ կարեւորը: Արդեն 2016-ի հունիսին վիզային ռեժիմի ամբողջական ազատականացում ապահովելու մասին ԵՄ ղեկավարության ու կանցլերի խոստումը միանգամայն անիրատեսական էր»,- համարում է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով այն իրավիճակում, երբ բոլոր պայմանները դեռ կատարված չեն, իսկ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սպառնում է ձախողել ԵՄ հետ միգրացիոն գործարքը, պետք է հանգստություն պահպանել ու փոխզիջում որոնել:
«Քանի դեռ Էրդողանը պատրաստ չէ փոխել իր այսպես կոչված հակաահաբեկչական օրենքները, նա չի կարող ակնկալել, որ ԵՄ-ն կկատարի նրա բոլոր ցանկությունները: Դրա համար էլ ես համարում եմ, որ մեզ փոխզիջում է պետք, որը անվիզա ռեժիմ կապահովի նախ ճամփորդողների որոշակի խմբերի համար՝ օրինակ բարձագույն կրթությամբ մարդկանց, նկարիչներին, գիտնականներին կամ գործարարներին»,- ասել է Լամբսդորֆը:





























