Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում: Մասնավորապես, Հայաստանում հունիսի 13-15-ը աշխատանքային հանդիպում է կայացել Հայաստանի եւ Չեխիայի ՊՆ-ների ներկայացուցիչների միջեւ, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքը:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են Տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրության 16-րդ կետի կատարման ընթացքը, ռազմատեխնիկական բնագավառում հայկական եւ չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հաստատությունների համագործակցության աջակցության հարցը:
Դիտարկվել է նաեւ հայ-չեխական Հանձնաժողովի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խմբի ստեղծման հեռանկարը:
Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը եւ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ, ստորագրվել է Արձանագրություն հանդիպման արդյունքների վերաբերյալ:





























