Եգիպտոսի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ պաշտոնական բանակցությունները կարող են անցկացվել մինչեւ այս տարեվերջ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Եգիպտոսի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Թարիք Կաբիլը:
Ավելի վաղ Եգիպտոսում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Ֆյոդոր Լուկաշինը հայտարարել էր, որ ԵՏՄ անդամ երկրները 2016 թվականի ընթացքում ԵՏՄ-ի եւ Եգիպտոսի միջեւ ազատ առեւտրի գոտու նախագծի շուրջ եզրակացություն պետք է պատրաստեն:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵՏՄ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանն ու Ղրղզստանը:
Անցյալ տարվա մայիսին ԵՏՄ-ն եւ Վիետնամն ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր ստորագրեցին: Ավելի վաղ ԵՏՄ-ի հետ ԱԱԳ ստեղծելու ցանկություն էին հայտնել ավելի քան 40 երկրներ եւ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Չինաստանը, Թայլանդը, Եգիպտոսը, Հնդկաստանը:





























