Իսրայելը ծրագրում է Գազայի հատվածի շուրջ ստորգետնյա բետոնե պատ կառուցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Եդիոտ Ահրոնտ» պարբերականը:

60 կմ երկարությամբ ցանկապատը պետք է լուծի թունելների խնդիրը, որոնք պաղեստինյան զինյալները փորում են՝ դիվերսիայի նպատակով գաղտնի սահմանն անցնելու համար:

Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանն ամբողջությամբ փակ է բետոնե պատերով, ազդանշանային համակարգով զինված ճաղավանդակով: Դրանք հաղթահարելու համար պաղեստինցի զինյալները հրթիռային սպառազինություն են մշակում եւ ստորգետնյա անցուղիներ փորում:

Ապրիլին եւ մայիսին իսրայելցի զինվորականներն այդպիսի երկու թունել հայտնաբերեցին ու ոչնչացրին:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինքենը հաղորդել էր, որ ամերիկացի զինվորականներն իսրայելցի գործընկերներին աջակցում են հակաթունելային համակարգ մշակելու հարցում: Իսկ ապրիլին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր ստորգետնյա անցուղիների հայտնաբերման տեխնոլոգիաների մշակման հարցում «համաշխարհային բեկում» կատարելու մասին: