Վաղ թե՝ ուշ, Արցախը դառնալու է քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ: Այս մասին հունիսի 16-ին, Դանիայում ՀՀ դեսպանության կողմից ԼՂՀ 25-ամյակի կապակցությամբ կազմակերպած ընդունելության ժամանակ նշել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Հունիսի 16-ին մեկնարկել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Դանիայի Թագավորություն:

Այցի շրջանակում ԱԳ նախարարը հանդիպումներ ունեցավ քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված արդի իրավիճակին, մասնավորապես՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական արկածախնդրության համատեքստում:

Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Նախարարը ներկայացրեց նաեւ Արցախում տեղի ունեցող պետականաշինության գործընթացը եւ ազատ ու ժողովրդավարական հասարակության ձեւավորման ուղղությամբ Արցախի ժողովրդի եւ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:

Նույն օրն արտգործնախարար Կարեն Միրզոյանը մասնակցեց Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպած ընդունելությանը:

Ողջույնի եւ բացման խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով կարեւորեց բարեկամ Դանիայում առաջին անգամ Արցախին նվիրված միջոցառման անցկացումը: Դեսպանը նշեց, որ Արցախի անկախացումը խարսխված է ազատության հասնելու, սեփական կյանքն առանց բռնաճնշման տնօրինելու եւ դարերի մշակույթն ու ինքնությունը պահելու հայի աներկբա ձգտման վրա:

Նախարար Կարեն Միրզոյանն իր խոսքում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անցած ուղին՝ նշելով, որ Արցախի ձեռքբերումները անհնարին կլինեին առանց Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության շարունակական օժանդակության: Նա շեշտեց, որ այսօր Արցախի կողքին են ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ՝ բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում եւ՝ Դանիայում, որոնք արցախցիների հետ կիսում են նույն արժեքները եւ գաղափարները՝ հիմնված ժողովրդավարական ազատությունների եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հրամայականի վրա: Կարեն Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ անկախ պետականաշինության ճանապարհին արցախցիների գրանցած հաջողություններն աննկատ չեն մնում, եւ վաղ թե՝ ուշ, Արցախը դառնալու է քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ:

Նա կոչ արեց՝ աշխատել հանուն խաղաղ եւ կայուն հարավ-կովկասյան տարածաշրջանի տեսլականի, որը հավասարապես կապահովի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը:

Ընդունելությանն իր մասնակցությունը բերեց դանիական Վոքս Վիվա արական երգչախումբը, որը 2015թ. համերգներով հանդես էր եկել ԼՂՀ-ում: Երգչախումբը կատարեց հայ եւ դանիացի երգահանների ստեղծագործությունները: Ելույթի ավարտին՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մետտե Ռիմերը կիսվեց Արցախ կատարած ուղեւորությունից ստացած տպավորություններով, շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար եւ նշեց, որ անհամբեր սպասում են Դանիայում Արցախից երգչախումբ հյուրընկալելու հնարավորությանը:

Ընդունելությանը ներկա գտնվեցին դիվանագետներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ եւ Դանիայի հայ համայնքի անդամներ: