Կրեմլում խելամիտ չեն համարում ՌԴ-ի հակամիջոցների հանումը Արեւմուտքի կողմից մեղադրանքների եւ մինսկյան համաձայնագրերի չիրականացման ֆոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Անկասկած, մեր տեսանկյունից` եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների կողմից մինսկյան համաձայնագրերի էության չընկալման ֆոնին բարեգործությամբ զբաղվել եւ չեղյալ համարել հակամիջոցները, չգիտեմ, թե դա որքան խելամիտ կլիներ», - լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Այդ սխալ ընկալումն արտահայտվում է նրանով, որ նրանք անընդհատ, մանտրայի նման, կրկնում են այն ֆրազը, թե Ռուսաստանը պետք է կատարի մինսկյան համաձայնագրերը,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Իմիջիայլոց, նման դատողությունների սխալ լինելը շատ հեշտորեն կարելի է ստուգել ուղղակի ծանոթանալով մինսկյան համաձայնագրերի տեքստին: Այնքան էլ երկար փաստաթուղթ չէ»:

Միաժամանակ Պեսկովը չի պատասխանել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի խոսքերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքի մասին հարցին. Սարկոզին առաջարկել էր, որ ՌԴ-ն առաջինը վերացնի հակամիջոցները: