ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հունիսի 17-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների եւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու փոխգործակցության զարգացման համար:

Նշելով, որ հաջորդ տարի Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների նորագույն պատմության մեջ հոբելյանական տարի է՝ նշվելու է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են փոխվստահության եւ փոխըմբռնման պայմաններում, որը դրսեւորվել է նաեւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ գրեթե նույնանման մոտեցումներով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլն, առկա է մեծ ներուժ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի անմիջական մասնակցությամբ ու ակտիվ ջանքերով առաջիկա տարիներին Հայաստանը եւ Հնդկաստանը ձեռնամուխ կլինեն այդ ուժի բացահայտմանն ու լիարժեք իրացմանը:

ՀՀ նախագահը եւ Հնդկաստանի դեսպանը հեռանկարային են համարել փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, ենթակառուցվածքների զարգացում, կրթություն, մշակույթ, համագործակցության խորացումը եւ կարեւորել երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Դեսպան Յոգեշվար Սանգվանը վստահեցրել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: