Ամերիկացի օրենսդիրները, որոնք 2013-ին Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ այցելել էին Բաքու, վերադարձրել են իրենց թանկարժեք նվերներն այն բանից հետո, երբ վերահսկիչ մարմինն այդ այցելություններն անթույլատրելի էր որակել։ Այս մասին գրում է The Hill–ը։

ԱՄՆ ընդհանուր նշանակության ծառայությունների վարչություն վերադարձրած նվերների ցուցակը 2013-ին Բաքու կատարած այցերի մասին  մանրամասն տեղեկություն է հաղորդում։

Ընդհանուր առմամբ Կոնգրեսի 9 անդամ, 32 աշխատակից մասնակցել է գիտաժողովին, եւ յուրաքանչյուրը հազարավոր դոլարներ արժողությամբ նվերներ է ստացել՝ ականջօղեր, թեյի սպասք, մետաքսե շարֆեր, գորգեր եւ այլն։ Որոշ օրենսդիրներ Բաքվից մեկնել են Թուրքիա, որտեղ լրացուցիչ նվերներ են ստացել։  Վերահսկիչ խումբը հայտնել է, որ Թեքսասում գտնվող  հասարակական կազմակերպությունները կեղծ հայտարարություններ են արել, թե իրենք են վճարում այցելությունների համար, սակայն իրականում այդ այցելությունները ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը։

Այս այցելությունների մասին Էթիկայի հանձնաժողովի զեկույցի հրապարակումից մոտ մեկ շաբաթ առաջ Կոնգրեսի անդամները սկսել են  հետ վերադարձնել իրենց ստացած նվերները։