ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ Պետդեպի 51 աշխատակից նամակով դիմել են նախագահ Օբամային՝ կոչ անելով փոխել Սիրիայում քաղաքականությունը եւ ավիահարվածներ հասցնել երկրի կառավարական զորքերին, փոխանցում է Gazeta–ն։
«Եթե դրանում ճշմարտության հատիկ կա, եւ նման կարեւոր հարցերը Պետդեպում իրոք լուծվում են «աշխատանքային կոլեկտիվի» քվեարկությամբ, ապա դա չի կարող առաջ չբերել ցանկացած ողջամիտ մարդու անհանգստությունը»,– ասել է նա։
Կոնաշենկովի կարծիքով ամենակարեւոր հարցն այն է, թե ով է հետո կրելու այդ ռմբակոծությունների պատասխանատվությունը։
«Պետդեպի «աշխատանքային կոլեկտի՞վը»։ Թե մենք նորից ականատես կլինենք հայտնի հոլիվուդյան ժպիտին, որը եղավ Աֆղանստանում, Իրաքում եւ Լիբիայում»,– ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Wall Street Journal–ը գրել էր, որ ԱՄՆ Պետդեպի աշխատակիցները Բարաք Օբամային կոչ են անում ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի կառավարության դեմ եւ այդ երկրում պետական հեղաշրջում իրականացնել։





























