Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի (Օսվենցիմ) նախկին պահակ 94-ամյա Ռայնհոլդ Հաննինգը Դետմոլդ քաղաքի երկրամասային դատարանի կողմից հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել, հայտնում է Bild-ը:
Տղամարդուն մեղադրում են առնվազն 100 հազար մարդու սպանությանը մեղսակցության համար: Մեղադրյալը խոստովանել է, որ СС պահապան է եղել ճամբարում եւ իմացել է զանգվածային սպանությունների մասին: Ավելի վաղ Հաննինգը ներողություն էր խնդրել ճամբարի զոհերից` հայտնելով, որ ամաչում է նրանից, որ «գիտակցաբար թույլ է տվել, որ անարդարություն տեղի ունենա եւ ոչինչ չի արել դրան դիմակայելու համար»:
Դատավարության սկզբից կարճ ժամանակ առաջ մեղադրյալի փաստաբանը մանրամասն 22 էջանոց հաշվետվություն է ներկայացրել այն մասին, թե իր հաճախորդն ինչպես է նայում իր կյանքին, հատկապես Աուշվիցում անցկացրած ժամանակահատվածին, որը նա «մղձավանջ» է կոչում: Հաննինգը 1940 թվականին 18 տարեկան հասակում կամավոր անդամագրվել է СС-ին: Նա նշել է, որ դրան իրեն դրդել է հարազատ մայրը, որը նացիստական կուսակցության անդամ է եղել:
Աուշվից-Բիրկենաուն (Օսվենցիմ) նացիստական ամենախոշոր եւ ամենաերկար գոյություն ունեցած ճամբարն էր, այդ պատճառով Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշն է դարձել: Մոտ 1,4 մլն մարդ, որոնցից 1,1 մլն-ը հրեաներ էին, 1941–1945 թվականներին զոհվել է Աուշվիցում: Ճամբարն ազատագրվել է 1945-ի հունվարի 27-ին Կարմիր բանակի զորքի կողմից:





























