Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն հայտնել է երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցման պայմանները: Այդ մասին նա հայտնել է շվեդական Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում:
«Մենք չենք կարող հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորությունից: Դա լուրջ սխալ կլիներ, որովհետեւ անվտանգության քաղաքականության գործիք է: Այժմ մենք կենտրոնացած ենք մեր գործընկերային հարաբերությունների եւ ՆԱՏՕ-ի համատեղելիության վրա, որքանով որ դա հնարավոր է: Եթե տեսնենք, որ անվտանգության ոլորտում իրավիճակն ակնհայտորեն վատանում է, կկարողանանք անդամության հայտ ներկայացնել», — հայտնել է ֆիննական առաջնորդը:
Միաժամանակ Սաուլի Նիինիստեն ընդգծել է, որ Ֆինլանդիայի` դաշինքին անդամակցման հարցը պետք է դրվի համապետական հանրաքվեի:
«ՆԱՏՕ-ն մարդկանց մեծամասնության աջակցության կարիքն ունի եւ եթե հանրաքվե չանցկացնենք, ինչպե՞ս պետք է որոշում ընդունվի: Հասարակական կարծիքի հարցման հիման վրա՞: Գործընթացը [դաշինքին միանալու] անկասկած պետք է օրինական լինի: Եթե ուզում եք, որ Ֆինլանդիայում ավելանա ՆԱՏՕ-ին անդամակցության հակառակորդների թիվը, ամենալավ միջոցը հանրաքվե անցկացնելուց հրաժարումն է», — ընդգծել է Ֆինլանդիայի նախագահը, հայտնում է Lenta-ն:





























