Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգներին միակ գերտերությունն է համարում, բայց կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է խառնվի Ռուսաստանի գործերին եւ ազդի ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա:
«Ամերիկան հզոր տերություն է: Այսօր, հավանաբար, միակ գերտերությունն է: Մենք ընդունում ենք դա: Մենք ուզում ենք եւ պատրաստ ենք աշխատել Միացյալ Նահանգների հետ»,- Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Պուտինը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա վստահ է, որ աշխարհին, ինչպես նաեւ Ռուսաստանին, անհրաժեշտ է այնպիսի հզոր երկիր, ինչպես ԱՄՆ-ն է:
«Բայց մեզ պետք չէ, որ նրանք մշտապես խառնվեն մեր գործերին, մատնանշեն, թե ինչպես պետք է ապրենք, խանգարեն Եվրոպայի հետ մեր հարաբերությունների կառուցմանը»,- ընդգծել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ գործող հակառուսական պատժամիջոցները, ըստ էության, ընդհանրապես ԱՄՆ-ին չեն վերաբերում: Ինչպես պատժամիջոցները, այնպես էլ Ռուսաստանի պատասխանը միայն Եվրոպային են վերաբերում:





























