Ամերիկյան նավատորմը կպահպանի ներկայությունը Սեւ ծովում, որպեսզի «զսպի Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիան»: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մաբուսը:

Ըստ Lenta-ի, նա ընդգծել է, որ ամերիկյան նավատորմը Սեւ ծովում կմնա՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դրանում տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիք է տեսնում:

«Փորթեր» ռազմանավը Սեւ ծով է մտել հունիսի 6-ին, «Ատլանտյան վճռականություն» գործողության շրջանակում: 2015 թվականի հոկտեմբերին «Փորթերը» մասնակցել է Ուկրաինայի ՌԾՈՒ-ի նավերի եւ Վրաստանի ափամերձ պահպանության հետ անցկացված զորավարժություններին՝ այցելելով Օդեսա եւ Բաթումի:

Սեւծովյան տարածաշրջանի մաս չկազմող պետությունների նավերի ներկայությունը Սեւ ծովում, Մոնտրյոյի Կոնվենցիայի համաձայն, սահմանափակվում է 21 օրով: