Ավստրիան համաձայնել է Հունգարիային սարքավորումներ եւ զորակազմ տրամադրել իր սահմանները պաշտպանելու եւ անօրինական միգրացիայի կանխարգելման համար, հայտնում է Ռեյտեր գործակալությունը` վկայակոչելով ավստրիական պաշտպանության նախարարության ներկայացուցչին: 

Նշվում է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլի, Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկայի եւ նրանց հունգարացի գործընկերներ Իշտվան  Սիմիչկոյի եւ Շանդոր Պինտերի միջեւ Սանկտ-Մարտին-ան-դեր-Ռաբ համայնքում հանդիպման ընթացքում: 

Երկու երկրի նախարարները մասնավորապես պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը Հունգարիայի հարավային եւ արեւելյան սահմաններին: Քաղաքական գործիչները նաեւ քննարկել են Հունգարիա այն փախստականների վերադարձի պայմանները, որոնք ի սկզբանե փախստականի կարգավիճակ էին խնդրել այդ երկրում, սակայն հետագայում մեկնել էին Ավստրիա: 

«Փախստականների հետ կապված իրավիճակի վերաբերյալ մեր տեսանկյուններն այսօր մոտեցել են: Մենք` չորս նախարարներս, հաստատել ենք, որ Շենգենի ձեռքբերումը` Շենգենի սահմանները պետք է պահպանվեն», — հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Սիմիչկոն: 

Standart պարբերականը նշել է, որ հանդիպման արդյունքում աշխատանքային խմբեր են ձեւավորվել, որոնք մեկ ամսից պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն սահմանների պաշտպանության եւ փախստականների վերադարձի վերաբերյալ: Հունգարիայի ներքին գործերի նախարար Պինտերի խոսքով, նախարարները դարձյալ կհանդիպեն չորս շաբաթ անց եւ այդ ժամանակ կկարողանան ասել, թե ինչ որոշումներ են մշակել այդ խմբերը: 

Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր ամենախոշոր միգրացիոն ճգնաժամն է ապրում, որի պատճառն առաջին հերթին Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում զինված հակամարտությունները եւ տնտեսական խնդիրներն են: Սահմանային Frontex գործակալության տվյալներով, 2015-ին Եվրամիություն է եկել 1,8 մլն միգրանտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: