Ոստիկանությունը բեռնատարին թույլ է տվել մտնել Նիսի Անգլիական ափ՝ հավատալով վարորդի խոսքին, թե պաղպաղակ է տեղափոխում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով М-6  հեռուստաալիքը:

«Մեր տեղեկություններով՝ չնայած Անգլիական ափը պետք է փակ լիներ ավտոտրանսպորտի համար, Մուհամմեդ Լաուեժ Բուլելը կարողացել է այնտեղ հայտնվել՝ ասելով, թե պետք է պաղպաղակ առաքի»,- հաղորդում է հեռուստաալիքը:

Մեկ տարի առաջ Բուլելը մեքենա վարելու իրավունք է ստացել եւ աշխատանքի ընդունվել ոչ մեծ տրանսպորտային ընկերությունում:

Հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը դիտելու։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը, 2 կմ զիգզագաձեւ ընթացքով անցնելով, ճզմել է մարդկանց։ Վարորդը սպանվել էր ոստիկանական ուժերի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումը ահաբեկչություն է որակել։

Պաշտոնական տեղեկություններով՝ հիվանդանոցում գտնվում է 188 մարդ, որոնցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 25-ը վերակենդանացման բաժանմունքում են։