Ֆրանսիայի Ազգային ժողովի Մերձծովյան Ալպեր դեպարտամենտի  պատգամավոր Էրիկ Չիոտին պատմել է ոստիկանության աշխատակցի մասին, որը Նիսում ցատկել է ահաբեկչի բեռնատարի վրա, որպեսզի կանգնեցի այն: Այս մասին հայտնում է Europe 1-ը:

Նրա խոսքով՝ ահաբեկչին վնասազերծելիս, երբ բեռնատարի վրա մարդ է ցատկել, ոստիկաններն ավելի խիզախ են գործել:

«Հատկապես այդ պահին ոստիկանները կարողացան ահաբեկչին չեզոքացնել: Ես չեմ մոռանա այդ կին ոստիկանի հայացքը, որը կանգնեցրեց մարդասպանին»,- ասել է նա:

Նա նշել է, որ Նիսի ահաբեկչին  հաջողվել է կանգնեցնել հասարակ մարդու խիզախության շնորհիվ. «Բազմության միջից տղամարդ դուրս թռավ, որը նետվեց հենց բեռնատարի վրա, որպեսզի կանգնեցնի այն։ Հենց այդ պահին ոստիկանները կարողացան չեզոքացնել ահաբեկչին։ Նա կրակում էր ոստիկանների եւ մարդու վրա, որը փորձում էր կանգնեցնել նրան, բայց չկպավ նրանց»։

Հուլիսի 14-ի երեկոյան Նիսում բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը դիտելու։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը, 2 կմ զիգզագաձեւ ընթացքով անցնելով, ճզմել է մարդկանց, հետո կրակ արձակել նրանց ուղղությամբ։ Վարորդը սպանվել էր ոստիկանական ուժերի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումը ահաբեկչություն է որակել։

Պաշտոնական տեղեկություններով՝ հիվանդանոցում գտնվում է 188 մարդ, որոնցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 25-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Զոհերի թվում կա ՀՀ մեկ քաղաքացի։