Ոստիկանությունը ձերբակալել է Նիսում մարդկանց բազմության մեջ մխրճված ահաբեկչի նախկին կնոջը, հայտնում է Nice Matin–ը։

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ կնոջը փակի տակ են պահում։ Քննիչները ձգտում են պարզել Նիսում հարձակում կատարած անձի դրդապատճառները եւ ահաբեկչության հնարավոր մասնակիցների անունները։

Հուլիսի 14-ի երեկոյան Նիսում բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը դիտելու։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը, 2 կմ զիգզագաձեւ ընթացքով անցնելով, ճզմել է մարդկանց, հետո կրակ արձակել նրանց ուղղությամբ։ Վարորդը սպանվել էր ոստիկանական ուժերի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումը ահաբեկչություն է որակել։

Պաշտոնական տեղեկություններով՝ հիվանդանոցում գտնվում է 188 մարդ, որոնցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 25-ը վերակենդանացման բաժանմունքում են։ Զոհերի թվում կա ՀՀ մեկ քաղաքացի։